«Ոստիկանության մասին» օրենքում Կառավարության առաջարկած լրացումն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ի նիստում: Հիմնական կարգավորումները ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Նախագծով անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած, հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած, երկու կամ ավելի անգամ բնակության վայրն ինքնակամ լքած մինչեւ 16 տարեկան անչափահասների նկատմամբ Կառավարության սահմանած կարգով կիրականացվի պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում:
Այս կարգավորումը կվերաբերի նաեւ մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 եւ ավելի ժամ անհարգելի բացակայած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ օգտագործող անչափահասներին:
Կանխարգելիչ հաշվառում կիրականացվի նաեւ այլ խմբերում ընդգրկված մի շարք անչափահասների, ինչպես նաեւ նրանց վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների նկատմամբ:
Հարցն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: