Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը եւ գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում ենք «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի պաշտոնական էջից, հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել հիմնադրամի առաքելությանն ու նպատակներին։
«Ընդգծվել է, որ հզոր պետություն ունենալու համար պետք է պատրաստել ուժեղ եւ կրթված անհատների:
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է հիմնադրամի կողմից իրականացվող 4 ծրագրերը, որոնք նպատակաուղղված են մարդկային ներուժի բացահայտմանը: «Հորիզոններ» դուալ կրթական, «Quanta» քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական, «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման» եւ «Հանրակրթական դպրոցներում STEM (ԲՏՃՄ) ուղղությունների զարգացման» ծրագրերը ներդնելով՝ հնարավորություն է ստեղծվում ձեւավորել առավել որակյալ եւ մրցունակ հասարակություն, որն էլ, իր հերթին, պատրաստ կլինի դիմագրավել ապագայի անգամ ամենադժվարին մարտահրավերներին։
Հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ «Իմ քայլը» հիմնադրամի համար առաջնային է շարունակական կրթության ներդրման գործընթացը՝ հասարակության բոլոր ուժերի եւ տարիքային բոլոր շերտերի ներգրավմամբ: Իրականացվող ծրագրերի գլխավոր նպատակերից մեկն է ստեղծել հնարավորություններ, որպեսզի այս արագ փոփոխվող աշխարհում մարդիկ կարողանան զարգացնել սեփական գիտելիքները, հմտությունները եւ կարողությունները։
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարց ու պատասխան, որի ժամանակ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը եւ գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը պատասխանել են Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին»,– ասվում է հաղորդագրության մեջ։