«Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ այսօր առևտրականները բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք պահանջում են բացել դեպի տաղավարներ տանող ճանապարհը։ Քրիստափորի փողոցի մի հատվածի երթևեկությունը փակվել էր։ Օգոստոսի 23-ից այն միակողմանի բաց է, սակայն ըստ առևտրականների՝ առևտրի շարժի համար բավարար չէ։
«Հիմա ի՞նչ անեն այս 2000 աշխատակիցները․ ո՛չ տնօրինությունն է զբաղվում այս հարցով, ո՛չ այլ մեկը։ Մեր գործադուլի պատճառը փակված ճանապարհն է։ Հիմա այսքան մարդ եթե անգործության մատնվեց, ո՞վ է տեր կանգնելու մեզ»,- ասում են առևտրականները։
Նրանց խոսքով՝ հարկերը տալիս են, տեղի վարձը վճարում են, սակայն աշխատել չեն կարողանում։ Մաքրման աշխատանքներ պետք է կատարվեն, որոնք չեն արվում։
«Աղբը մաքրելը Երևանի քաղաքապետարանի ֆունկցիաների մեջ է մտնում։ Ոչ մեկ ոչինչ չի անում։ Այստեղ ուզում ենք տեսնել այն պետական կառույցին, որն իրավասություն ունի հարցին լուծում տալ, բացել ճանապարհը»,- ասում են նրանք։
Առևտրականները նշում են, որ եթե հիմք կա ճանապարհը փակելու, թող բարձրաձայնեն։ Հասկանում են, որ, ամենայն հավանականության, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո շենքը պետք է ապամոնտաժվի, շինաղբը հեռացվի, սակայն պահանջում են գոնե թող ժամկետներ նշել։
Առևտրականները չգիտեն, թե հաջորդ ամիս ինչպես են վարձը վճարելու։ Նրանք հայտնեցին, որ տեսչական մարմինը «Փեթակ» առևտրի կենտրոնում անվտանգության ստուգումներ է անցկացրել, որից հետո կարողացել են բացել տաղավարները։
Առևտրականները նշում են՝ գործադուլը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հարցին լուծում տրվի և լինեն համապատասխան արձագանքներ։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով գրանցվել էր 16 մարդու մահ, ավելի քան 60 քաղաքացիներ մարմնական տարբեր վնասվածքներ էին ստացել։