Սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես Առաջին օգնության համաշխարհային օր: Այս մասին հայտնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։
Նպատակն է բարձրացնել կյանք փրկելու համար առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ջատագովել, որպեզի դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրին:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս միանալով համաշխարհային արշավին՝ ՀԿԽԸ-ն սեպտեմբեր ամսվա ընթացքում Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում կազմակերպելու է իրազեկման միջոցառումներ և ցուցադրական դասընթացներ:
Արշավի շրջանակներում հիմնական միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-20:00-ը՝ «Մոսկվա» կինոթատրոնին հարակից Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
Միջոցառման ընթացքում Հայկական Կարմիր խաչի ընկերության առաջին օգնության մասնագետների կողմից կցուցադրվեն առաջին օգնության քայլերը՝ տարբեր իրավիճակների ժամանակ, կբաժանվեն տեղեկատվական նյութեր, իսկ երեխաները հնարավորություն կունենան նկարազարդելու թեմատիկ պաստառներ: Կամավորները կբաժանեն նաև COVID-19-ի դեմ պատվաստման մասին թերթիկներ և կիրազեկեն վարակից պաշտպանվելու կանոնների մասին:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ՀՀ-ում կազմակերպում է դասընթացների մոտ 80 տոկոսը՝ ամեն տարի ուսուցանելով ավելի քան 3500 մարդու: