Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տվյալների հավաքագրման ակտիվ աշխատանքների մեջ է նաև գերիների հարցով: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մամուլի խոսնակ Զառա Ամատունին՝ նշելով, որ մարդիկ, որոնք ենթադրում են, որ իրենց հարազատը գերեվարվել է, այսինքն՝ հայտնաբերել են տեսանյութեր կամ այլ փաստեր, որոնք վկայում են դրա մասին, դիմում են կազմակերպությանը:
Այդ տվյալները հավաքագրում են, հասկանում, թե ում են փնտրում, հաստատումներ ստանում, կապ հաստատում ընտանիքների ու պատկան մարմինների հետ, ապա որպես չեզոք միջնորդ, աջակցում են այն հարցերում, որտեղ կարող են դերակատարում ունենալ: Հնարավոր գերիների թվի մասին Ամատունին դեռևս տվյալներ չհաղորդեց:
Ըստ նրա՝ տեղական իշխանությունների հետ մշտական կապի մեջ լինելով կազմակերպությունը օրվա կտրվածքով փորձում է հասկանալ թե՛ իրավիճակը, թե՛ մարդասիրական ազդեցությունը: Արագ արձագանքման խմբերով մշտապես փորձում է մշտադիտարկում անցկացնել պատերազմական իրավիճակում օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
Չհայտնելով կոնկրետ թվեր՝ կազմակերպության ներկայացուցիչը նշեց կատարվող աշխատանքի ոլորտները՝ դատաբժշկական փորձագիտական աջակցություն, առողջապահական պարագաների փոխանցում որոշ բուժհաստատությունների, համայնքները լքած՝ տեղահանված քաղաքացիներին անհրաժեշտ պարագաների փոխանցում…
«Բավականին ակտիվորեն փորձում ենք մեր կողմից տրամադրել անհրաժեշտ ամեն ինչ, սակայն ավելի կոնկրետ տվյալներ կարող եմ հաղորդել ավելի ուշ, երբ ավելի հստակ պատկերացում ունենանք իրավիճակի մասին»,- ասաց մեր զրուցակիցը:
Զառա Ամատունին նշեց, որ համագործակցում են և սերտ կապի մեջ են Հայկական Կարմիր խաչի կոմիտեի հետ: Կապի մեջ են նաև ԿԽՄԿ ադրբեջանական ծառայության հետ, որի միջոցով հնարավոր է դառնում որոշակի աշխատաք իրականացնել չեզոք միջնորդի դերը տարածաշրջանում լիարժեք իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել:
Արաքսյա Սնխչյան