«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարություն է տարածել վերջին օրերին հայկական ներքաղաքական դիսկուրսում ծավալվող քննարկումների և բողոքի ակցիաների առնչությամբ։
Նշվում է, որ Հայաստանի համար պատմական այս բարդ ժամանակաշրջանում կարևոր է կանխել քաղաքական մանիպուլյացիաները, որոնք մեծապես ապակայունացնում են իրավիճակը երկրում։
«Այսօր մենք տեսնում ենք տարբեր ուժերի կողմից հրահրվող բազմաթիվ նման օրինակներ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ինչը անխուսափելիորեն հանգեցնում է էլ ավելի մեծ էսկալացիայի։ Կարևոր է գնահատել այս կրիտիկական ռիսկերը և կանխել հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հետագա թշնամական հռետորաբանությունը», – նշվում է Կարապետյանի հայտարարության մեջ։
Ըստ գործարարի՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի կայունացմանը կարելի է օգնել ոչ թե պոպուլիստական հայտարարություններով, այլ պետության ամրապնդմանն ուղղված համակարգված աշխատանքով՝ հիմնված իրական աշխարհաքաղաքական դաշնակիցների վրա, որոնցից գլխավորը Ռուսաստանն է։
«Այսօր շատերը ցանկանում են օգուտ քաղել Հայաստանում իրավիճակի ապակայունացումից, բայց մենք պետք է ամուր լինենք մեր համոզմունքներում։ Չի կարելի անտեսել այն փաստը, որ վերջին տարիներին Ռուսաստանը և Հայաստանը զարգացրել են կայուն գործընկերային և դաշնակցային հարաբերություններ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական, տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում։ Ռուսաստանում այսօր մի քանի միլիոն հայ է ապրում, որոնք սերտ կապեր ունեն իրենց պատմական հայրենիքի հետ»,-նշվում է հայտարարության մեջ։
Կարապատյանի պնդմամբ՝ պետք է լրջորեն կշռադատել այն չմտածված հայտարարությունները, որոնք այսօր արվում են երկու դաշնակից պետությունների միջև պառակտում մտցնելու միակ նպատակով։
«Հայաստանին այսօր խաղաղություն է պետք։ Ուստի ես չափազանց կարևոր եմ համարում դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը և համախմբել Ռուսաստանում հայկական համայնքի ուժերը Հայաստանի շուրջ»,-նշվում է հայտարարության մեջ։
Armenia Today-ը գրել էր, որ Սամվել Կարապետյանը օրեր առաջ մտահոգություն հայտնելով ադրեբաջանական հերթական ագրեսիայի կապակցությամբ՝ հայտնել էր նաև, որ 2 մլն ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժածներին։
Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական հերթական էսկալացիայի ժամանակ ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից ռազմական օգնության ստանալու դիմումից մի քանի օր անց Հայաստանի իշխանությունները և քաղհասարակության մի հատվածը սկսել են բարձրաձայնել կառույցից դգժոհությունների մասին և մեղադրել Ռուսաստանի գլխավորած դաշինքին անգործության համար։
«Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում», – «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրուցյում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Իր հերթին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ հայկական կողմը ռուս գործընկերներից ակնկալում է շատ ավելի շոշափելի քայլեր, ոչ թե կցկտուր, կիսատ խոսքերի, հայտարարությունների մակարդակով անդրադարձներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: