Այսօր՝ սեպտեմբերի 20-ին Երևանում պետք է մեկնարկեր «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ հայ գործարարների ասոցիացիայի կողմից կազմակերպվող Armenian Business Forum 2022-ը: Հայ գործարարների ասոցիացիան և «Տաշիր» ընկերությունների խումբը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ հայտնելով, որ այսօր նախատեսված Armenian Business Forum 2022-ը չի կայանալու:
«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնածավալ ագրեսիա սանձազերծեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, գնդակոծության տակ ընկան Հայաստանի խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր կան ինչպես Հայաստանի զինված ուժերի, այնպես էլ խաղաղ քաղաքացիական բնակչության շրջանում։ Ստեղծված իրավիճակում հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից որոշում է կայացվել չեղյալ հայտարարել նախատեսված համաժողովը»-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: