Եռաբլուր զինվորական պանթեոնից 37 անձ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նա պարզաբանեց, որ նրանց բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար և դեռ գտնվում են ոստիկանությունում:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց բերման ենթարկվածների փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ զինծառայողների հարազատներն ունեն մարմնական վնասվածքներ: Նա տեղեկացրեց, որ վնասվել է մեկի ձեռքը, մյուսի մատը հավանաբար կոտրվել է, նրանք ոստիկանության բաժնում են, դուրս կգան և կդիմեն բուժօգնության: Թեև շտապօգնություն կանչել են, սակայն դա բավարար չէ, քանի որ վնասվածքն ավելի լուրջ է: Փաստաբանն ասաց՝ երկուսն էլ կին են:
«Բոլոր բերման ենթարկվածների մասին արձանագրությունները կազմվել են ՎՕ 182-րդ հոդվածով, որը մենք հետագայում կբողոքարկենք»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին 06:00-ին մի խումբ զինծառայողների հարազատներ բերման են ենթարկվել ոստիկանություն: Նրանք գիշերել էին Եռաբլուրույմ, որպեսզի առավոտյան խոչընդոտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն: Սկսվել է քաշքշուկ ոստիկանների ու զոհերի հարազատների միջև, նրանց ուժով պոկել են գերեզմաններից, որպեսզի Փաշինյանը այցելի պանթեոն:
Զինծառայողների հարազատները լրագրողների հետ զրույցում ասացին, որ չեն ցանկանում, որ վարչապետն առհասարակ այցելի իրենց որդիների շիրիմներին:
«Եթե որևէ մեկը եկավ ծաղիկ դնելու իմ տղայի գերեզմանին, նշանակում է՝ պղծում է այն»,- ասաց ծնողներից մեկը:
Մեկ այլ զինծառայողի մայր էլ ասաց, որ հենց իրենց վարած քաղաքականության պատճառով են երիտասարդները պառկած հողի տակ: