Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի` առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև երկու տարեկան երեխա խնամող ծնողին` անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող լինելու հանգամանքից: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային ժողովի կայքը։
Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո: Ընդ որում՝ վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023թ. հունվարի 1-ը, իսկ գյուղաբանկ ծնողի դեպքում` նաև եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը:
Պահպանելով գործող կարգավորումներով սահմանված խնամքի նպաստի իրավունք տվող հիմանական պայմանները և ժամկետները` նախագծով նաև առաջարկվում է վերանայել խնամքի նպաստի իրավունքի իրացման մյուս պայմանները` դրանք չփոխկապակցելով աշխատանքից ազատվելու կամ բնակության վայրը փոխելու հետ:
Օրենսդրական նախաձեռնությունը բխում է կառավարության ծրագրից և միտված է ծնելիության կայուն աճ ապահովելուն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հավաստմամբ` գյուղաբնակ և քաղաքաբնակ բոլոր ծնողները կստանան այս նպաստը:
Փոխնախարարը նաև նշել է, որ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, իսկ բանավոր առաջարկները կքննարկվեն համատեղ: Այս նպաստի համար պետբյուջեում նախատեսվել է շուրջ 17.6 մլրդ դրամ: Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն: