Վերջին ժամանակներում կրկին կտրուկ աճել են համացանցային առուվաճառքի հարթակներում ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ «WhatsApp» կամ այլ չվերահսկվող կապի միջոցներով կապ են հաստատում համացանցային առուվաճառքի հարթակներում տարատեսակ ապրանքներ վաճառողների հետ և, հայտարարությամբ տեղադրված ապրանքները գնելու դիմաց էլեկտրոնային եղանակով վճարում կատարելու պատրվակով, նրանցից պահանջում ու ստանում են վերջինների բանկային քարտերի տվյալները, որից հետո, այդ տվյալներն օգտագործելով, հափշտակում են դրանց հաշվին առկա գումարը:
Հանցավոր արարքները կատարողները գործում են նախօրոք մտածված սցենարով ու սխեմայով։ 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել են նշված եղանակով կատարված հանցագործությունների 145 դեպքեր, որոնցից 134 դեպքով հանցավոր արարքներն ավարտվել են, 11 դեպքով հանցավոր արարքներն ավարտին չեն հասցվել հանցավորի կամքից անկախ պատճառներով՝ տվյալ բանկային քարտի հաշվին գումար չլինելու պատճառով: Ընդհանուր վնասը կազմել է 18 մլն 147 հազար 818 դրամ:
Ուսումնասիրության արդյունքներից ելնելով՝ ՀՀ դատախազությունը քաղաքացիներին հորդորում է ոչ մի դեպքում այլ անձանց չտրամադրել իրենց բանկոմատային քարտերի պահպանվող վավերապայմանները՝ դրանց վրա առկա թվերը, հատկապես PIN կոդը. նման դեպքում էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի պաշտպանվածությունն օբյեկտիվորեն կարող է անզոր լինել արգելելու հանցավորների հասանելիությունը քարտային դրամական միջոցներին: