Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Վարչապետն ուղերձում նշել է, որ Չինաստանի պես հուսալի գործընկերոջ հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու համագործակցության ընդլայնումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առաջնահերթ կարևորություն ունեն Հայաստանի համար։
«Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը շարունակելու համատեղ ջանքերով նպաստել մեր երկրների միջև փոխգործակցության առավել խորացմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների»,- ասված է ուղերձում։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանին:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը մեծապես կարևորում է փոխադարձ ջերմ կապերի վրա հիմնված հայ-չինական միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդումը՝ ի բարօրություն հայ և չին ժողովուրդների։
«2022 թվականը նշանավորվեց մեր երկրների միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա հոբելյանով, որը կարևոր հանգրվան դարձավ արձանագրված հաջողությունների և ձեռքբերումների ամփոփման, ինչպես նաև հետագա համագործակցության տեսլականի ուրվագծման համար»,- ասված է ուղերձում։
Նշվում է նաև, որ երկու երկրների փոխհարաբերություններն օժտված են խորացման առավել մեծ ներուժով, ինչի մասին են վկայում փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված երկխոսությունը, միջազգային հարթակներում փոխաջակցության և համագործակցության բարձր մակարդակը, միջազգային օրակարգի տարաբնույթ հարցերի շուրջ համահունչ մոտեցումները:
Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի և հաստատակամ քայլերի շնորհիվ կհաջողվի շարունակաբար ընդլայնել և որակապես նոր մակարդակի բարձրացնել երկու երկրների միջև հաստատված ակտիվ երկխոսությունը և բազմաշերտ փոխգործակցությունը։