ՀՀ ՊԵԿ-ը հայտնում է, որ ՀՀ քաղաքացի Ռ.Մ-ն, ըստ ստացված տեղեկությունների, փորձել է մաքսային հսկողությունից թաքցնելու կամ ապրանքները ոչ իրենց անվամբ հայտարարագրելու եղանակով ՀՀ-ից ՌԴ արտահանել ծխախոտային մեծ քանակի արտադրանք։
Ստացված օպերատիվ տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով ՊԵԿ բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել ՀՀ-ից ՌԴ ուղևորվող, տվյալ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերել են չհայտարարագրված և առանց ակցիզային դրոշմանիշերի ընդհանուր թվով 199 հազար տուփ ծխախոտ։
Իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նախապես հայտարարագրման է ներկայացրել 8 տոննա 240 կգ համաքաշով քարեր, որից հետո ավարտելով ապրանքների հայտարարագրման գործընթացը՝ ուղևորվել է դեպի սահմանային անցակետ՝ դրանք ՌԴ արտահանելու նպատակով:
Վերջինս, սակայն, մինչև սահմանային կետ հասնելն առանց մաքսային մարմնի թույլտվության բացել է բեռնատարի դռները և հայտարարագրված քարերի մի մասը բեռնաթափել՝ դրանց փոխարեն բեռնելով շուրջ 4.630 կգ քաշով՝ թվով 199 հազար տուփ չհայտարարագրված և առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ։ Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: