Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ավելի քան 1 մլն դրամ աշխատավարձ կստանա: Փոփոխությունը նախատեսված է Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծով, որը վերաբերում է նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին:
Ազգային ժողովում արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախագիծը՝ նշելով, որ փոփոխություններ են նախատեսվում երեք ուղղություններով:
«Հակակոռուցիոն կոմիտեում այս պահի դրությամբ օպերատիվ հետախուզական գործունեություն ծավալող ծառայողներն իրենց յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց հավելավճար չեն ստանում, ոչ էլ ավելանում են նրանց գործակիցները: Ըստ էության, նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր աշխատանքային ստաժի դիմաց սահմանել 2 տոկոս հավելավճար»,- ասաց նա՝ հավելելով, որ այս փոփոխությունն առաջարկվում է ուժի մեջ մտցնել 2024-ի հուլիսի 1-ից:
«Երկրորդ առաջարկը վերաբերում է ՀՔԾ աշխատակիցներին, որոնք կառույցի լուծարման պատճառով տեղափոխվել են ոչ միայն Հակակոռուպցիոն կոմիտե, նաև այլ գերատեսչություններ, այդ թվում՝ դատախազություն: Խնդիր էր առաջանում այն տեսանկյունից, որ նրանց աշխատանքային ստաժը հավելավճարի համատեքստում չէր դիտարկվում: Առաջարկվում է նրանց համար այդ սոցիալական երաշխիքը վերականգնել»:
Փոխնախարարը նշեց, որ երրրորդ փոփոխությունը վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ Սասուն Խաչատրյանի վարձատրությանը. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրությունը կկազմի շուրջ 1,1 մլն դրամ, որն արդեն իսկ նախատեսված է եղել 2021-2023 պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում, հետևաբար՝ բյուջետային լրացուցիչ միջոցներ ներգրավելու կարիք չի լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում: