ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը տեղեկացնում է, որ «Փեթակի» աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել՝ վերստուգման արդյունքների հիմքով։ Տեսչական մարմնի ղեկավարի՝ 2021 թվականի հունիսի 10-ի հանձնարարագրի համաձայն՝ հունիսի 14-18-ը ստուգում էր իրականացվել «Փեթակ» ՍՊ ընկերությունում, որի արդյունքում հայտնաբերվել էր հրդեհային անվտանգության կանոնների 12 խախտում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը։
«Դրա հիմքով կազմվել էր վարչական արձանագրություն, և ընկերության տնօրենը ենթարկվել էր վարչական պատասխանատվության։ Բացի այդ՝ Տեսչական մարմնի կողմից ընկերությանը տրվել էր կարգադրագիր՝ հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ։ Կարգադրագրի 12 կետերով խախտումները վերացնելու համար սահմանվել էր ողջամիտ ժամկետ։ Վերջին կետի կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի հունիսի 23-ը»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ Տեսչական մարմնի ղեկավարի 2022 թվականի օգոստոսի 22-ի հանձնարարագրի հիման վրա նախորդ տարի տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով օգոստոսի 22-25-ը ներառյալ ՏՄ մասնագետները հետազոտություն են իրականացրել ընկերությունում։ Պարզվել է, որ նախորդ տարի իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները վերացնելու վերաբերյալ տրված կարգադրագրի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, և խախտումները չեն վերացվել։
«Նման խախտումներով ընկերության հետագա աշխատանքները կարող են անմիջական և ուղղակի սպառնալիք ստեղծել մարդկանց անվտանգության համար, ուստի տեսչական մարմինը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ք․ Երևան, Արշակունյաց 17ա հասցեում գործող «Փեթակ» ՍՊ ընկերության աշխատանքները»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ «Փեթակի» աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում։ Նրանք ասում են, որ տեսչական մարմնից եկել, կնքել են տաղավարները և իրենց թույլ չեն տալիս աշխատել։