Ծաղկաձորում Ռուսաստանի և Բելառուսի սպորտի նախարարությունների հետ համատեղ մարզասպորտային ճամբար կստեղծվի։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի լրատվության բաժինը։ Թեմայի շուրջ նախագահը զրուցել է ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի հետ:
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը գոհունակությամբ նշել է, որ նախորդ սույն թվականի մայիսին կայացած հանդիպումից հետո արդեն իսկ սպորտի ոլորտում համագործակցությունը տվել է իր արդյունքները Ծաղկաձորի սպորտային համալիրներում տարվող աշխատանքների առումով:
Ռուսաստանի և Բելառուսի սպորտի նախարարները նախագահին են ներկայացրել փոխգործակցության առկա և նախատեսվող ծրագրերը և շեշտել միջազգային չափանիշերին համապատասխան մարզասպորտային ճամբար ունենալու կարևորությունը մասնավորապես Ծաղկաձորում, որտեղ բնակլիմայական պայմանները բարենպաստ հնարավորություններ են ապահովում:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բազմաշերտ համագործակցությունը և փորձի փոխանակման, և խորհրդատվական ուղղություններով: