Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում շրջանառության մեջ է դրվել գաղտնի նախագիծ, որը նախատեսում է փակել Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը։ Այս մասին գրում է բուհի Հասարակական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Այս «ժողովրդավարական» կառավարության համար օրինաչափ է դարձել գաղտնի որոշումներ կայացնելը»,- գրել է նա։
Հակոբյանը տեղեկացրել է, որ բուհի հոգաբարձուների խորհրդի նախորդ օրը տեղի ունեցած նիստում կառավարության ներկայացուցիչները դեմ են քվեարկել օրակարգի հաստատմանը, որում ներառված է եղել բուհի ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը՝ վկայակոչելով առաջիկայում բուհերի միավորումը որպես փաստարկ:
Հակոբյանի այս հայտարարությունից հետո տասնյակ ուսանողներ բողոքի ակցիա էին հավաքվել համալսարանի շենքի մոտ։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կառավարության նիստում հայտարարել էր բարձրագույն կրթության ոլորտում լայնածավալ բարեփոխումների անհրաժեշտության մասին և այս համատեքստում առաջարկել բուհերը միավորելու և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրելու տարբերակը։ «Հայաստանը պետք է ունենա ոչ ավելի, քան 8 միավորված գիտահետազոտական համալսարան՝ պետական ամբողջական ֆինանսավորմամբ»,- ասել էր վարչապետը։