Ադրբեջանական ԶՈւ կողմից տարածված նոր տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են։ Այս մասին ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել։
Նշվում է, որ հոկտեմբերի 11-ին, ադրբեջանական սոցիալական ցանցի տիրույթում տարածված տեսանյութը պատկերում է անզեն հայ ռազմագերիների խոշանգման հերթական դեպքը՝ հիմնավորելով այդ ռազմագերիներին հաջորդիվ սպանելու փաստը։
«Այս անգամ էլ ադրբեջանական զինուժը տեսանկարահանում է իր պատերազմական հանցագործության փաստը։ Պաշտպանի հաստատությունը տեղորոշել է վայրը, հաստատում ենք, որ տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական զինուժի հարձակման ընթացքում։ Տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են։ Այս փաստերն ի թիվս այլ ապացույցների՝ հաստատվում են սույն թվականի հոկտեմբերի 4-ին հայրենադարձված հայ ռազմագերիների վկայություններով»,- ասված է հայտարարությունում։
Նշված փաստերը մանրամասներով փաստաթղթավորվել են և կուղարկվեն միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու դերակատարներին։
Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից իրականացված ծանր հանցանքները շարունակում են մնալ անարձագանք, իսկ անպատժելիությունը նրանց քաջալերում է նոր ու ավելի ծանր հանցանքներ գործելու համար։
«Այս արարքները պետք է հստակորեն դատապարտվեն միջազգային իրավասու դերակատարների կողմից։ Միջազգային հանրությունը պետք է առավել հետևողականորեն պահանջի ադրբեջանական իշխանություններից պատշաճ քննություն իրականացնել և հանցագործներին ու կազմակերպիչներին մեդալներով զարդարելու փոխարեն պատժել նրանց»,- ասված է հայտարարությունում։