Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ծեծի է ենթարկվել և այս պահին հետազոտվում է «Էրեբունի» ԲԿ-ում: Տեղեկատվությունը Armenia Today-ին հաստատել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։
Armenia Today-ի հետ զրույցում ծեծի հետ կապված մանրամասներ է ներկայացրել «5165» շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը։ Մենուա Սողոմոնյանը Էդգար Ղազարյանի հարազատների հետ այս պահին գտնվում է հիվանդանոցում, նա մեզ որոշ մանրամասներ հայտնեց:
«Շատ մանրամասների չենք տիրապետում, բայց որքանով տեղյակ ենք՝ Էդգարին ծեծի ենթարկողները երկուսն են: Տան մոտակայքում գտնվող ավտոկայանատեղու տարածքում անհայտ անձինք հարձակվել են Էդգարի վրա ու ծեծի են ենթարկել նրան՝ ձգտելով որքան հնարավոր է գլխին հարվածել: Նա ստացել է վնասվածքներ, գլխին կար են դրել: Այս պահին բժիշկները հետազոտում են՝ հասկանալու վնասվածքի լրջության աստիճանը: Այս պահի դրությամբ փորձում ենք հասկանալ, ինչ է տեղի ունեցել: Հիմա գլխի հետազոտություն է իրականացվում: Էդգարի հետ դեռևս չենք կարողացել խոսել»,- հայտնեց Մենուա Սողոմոնյանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մանրամասնեցին, որ ահազանգով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին՝ Քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ Էդգար Ղազարյանը դաժան ծեծի է ենթարկվել: