Բրյուսովան անվան համալսարանի դասախոսներն ու ռեկտորը ուսանողների հետ բողոքի ակցիաներ է անցկացնում հոկտեմբերի 12-ից այն բանից հետո, երբ Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը հայտարարեց, որ շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որը նախատեսում է համալսարանի միավորումը Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հետ։
Armenia Today-ը հարցում է անցկացրել այս բուհերի ուսանողների և ուսուցիչների շրջանում՝ պարզելու, թե ինչպես են նրանք վերաբերվում բուհերի միավորման որոշմանը։
Երեկ Բրյուսովի ուսանողները կրկին բողոքի ակցիա իրականացրին ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Համալսարանի ուսխորհրդի նախագահ Կատարինե Բազեյանի խոսքով՝ իրենք ընդամենը ուզում են իրենց ասելիքը փոխանցել նախարարին։ Ուսանողները նախարարություն էին գնացել նամակ հանձնելու: Այսօր արդեն սպասվում է գիտխորհրդի ընդլայնված նիստ, որին հրավիրել են նաև նախարար Դումանյանին և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին։
«Մենք մեր ուսանողության կողքին ենք, իսկ նրանք այստեղ են՝ արտահայտելու իրենց բողոքը: Մեզ չեն հարցրել, թե արդյոք ուզում ենք, որ մեր բուհը համալրվի մանկավարժականին ու ֆիզկուլտ ինստիտուտին»,- ասաց Բազեյանը՝ հավելելով, որ իրենք ընդամենը ուզում են իրենց խոսքը փոխանցել ԿԳՄՍ նախարարին:
ArmeniaToday-ի նկարահանող խումբը եղավ նաև Մանկավարժական համալսարանում և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում՝ ուսանողների կարծիքը լսելու համար: Մեզ հետաքրքրում էր, թե արդյոք այդ բուհերի ուսանողները կողմ են միավորմանը, և ի՞նչ են կարծում՝ ինչ նպատակ ունի դա։
Մանկավարժականի ուսանողներից մեկն ասաց, որ որևէ փաստաթուղթ դեռ չկա, հետևաբար չեն կարող ասել, թե ինչի հետ գործ ունեն: «Երբ կստանանք այդ փաստաթուղթը, նոր կմտածենք դրա մասին»,- ասաց նա: Մեկ այլ ուսանող նշեց, որ սխալ է բուհեր միավորելը, չէ՞ որ ամեն համալսարան յուրահատուկ է: Մեկ ուրիշ ուսանողի կարծիքով էլ՝ Մանկավարժականն ու Բրյոսովը իրար հետ կապ չունեցող բուհեր են, միավորելու հիմքեր չկան, դա սխալ կլինի: Գոնե կրթության ոլորտում առաջընթաց է պետք, ամեն ոլորտում ձախողել ենք:
Այլ դիրքորոշում ունեն Ֆիզկուլտ ինստիտուտի տղաները. նրանք թեև նշեցին, որ բուհի ռեկտորը դեմ է միավորմանը, սակայն իրենք, ինչպես մեզ հետ զրույցում խոստովանեցին, դեմ չեն լինի: «Ի՞նչ կլինի, միևնույն է՝ ամեն ուսանող իր կուրսի հետ իր լսարանում է դաս անելու»: Իսկ ուսանողուհիներից մեկը դեմ արտահայտվեց՝ նշելով, որ միավորման նպատակը հասարակությանն ավելի ենթարկվող դարձնելն է:
Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դասախոս Սամվել Հարությունյանը կողմ էր բուհերի միավորմանը, եթե իհարկե կարողանան համալիրը լիարժեք ձևով կառուցել։
«Ապահովելու են հանրակացարանով, անհրաժեշտ տեխնիկայով, անհրաժեշտ ամեն ինչով»,- ասաց նա: Վատը միայն մեծ գրադարաններից ուսանողներին հեռացնելն է, թեև դա էլ հնարավոր է կազմակերպել տեղում՝ նկատի ունենալով ակադեմիական քաղաքի հիմանումը:
Հիշեցնենք, որ Բրյուսովի անվան համալսարանի դեկան Ցոլակ Ակոպյանը հայտնել էր, որ բուհի հոգաբարձուների խորհրդի նախորդ օրը տեղի ունեցած նիստում կառավարության ներկայացուցիչները դեմ են քվեարկել օրակարգի հաստատմանը, որում ներառված է եղել բուհի ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը՝ վկայակոչելով առաջիկայում բուհերի միավորումը որպես փաստարկ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 12-ին այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը:
Նշվում է, որ ակադեմիական քաղաքում տեղակայվելու է մինչև 8 բուհ՝ իր բոլոր ենթակառուցվածքներով: Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը, ըստ որի՝ Ակադեմիական քաղաքում ստեղծվելու են ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, մարզական ենթակառուցվածքներ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 հազար մարդու համար:
Նշենք, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է գնալ բուհերի խոշորացման ճանապարհով՝ ունենալով առավելագույնը 8 պետական բուհ: Կառավարությունը արդեն կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Աշտարակում և միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ: