Հաջորդ տարի Սևանա լճում կգործի ջրային պարեկային ծառայություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Նշվում է, որ նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ, և Սևանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները։ Այդ ուղղությամբ ՀՀ ոստիկանությունն ու արդարադատության նախարարությունն արդեն սկսել են համապատասխան աշխատանքներ իրականացնել։
Ոստիկանությունը մանրամասնում է, որ ամերիկյան գործընկերներն ԱՄՆ դեսպանատան INL ծրագրի շրջանակներում արդեն պատրաստակամություն են հայտնել օգնել ՀՀ կառավարությանը՝ պարեկների վերապատրաստումները պատշաճ կերպով իրականացնելու համար, ինչպես նաև տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հարցում։
Նախատեսվում է սկզբնական շրջանում ափամերձ տարածքներում ստեղծել 4-5 հենակետ՝ գործող 1 հենակետի փոխարեն: Լճի ափամերձ հատվածում կլինի նաև ջրային փոխադրամիջոցների համար նախատեսված պահպանվող հատուկ տարածք, որտեղ կտեղափոխվեն այն մոտորանավակներն ու ջրային փոխադրամիջոցները, որոնք վարողները կկատարեն այնպիսի խախտումներ, որ վտանգավոր են հովեկների կամ զբոսաշրջիկների կյանքի և առողջության համար։
Ջրային պարեկները ծառայություն կիրականացնեն կլոր տարի։ Ոչ սեզոնային ժամանակահատվածում ջրային պարեկները պետք է իրականացնեն ծառայություն նաև այլ ոլորտներում, այսինքն՝ իրենց գործառույթներից բխող այլ ծառայություններ ևս իրականացնեն՝ հասարակական կարգի անվտանգության ապահովում, դեպքի վայրի պահպանություն, ահազանգերի օպերատիվ արձագանքում և այլն։