Նյու Դելիում կայացել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են 174 երկրների 700-ից ավելի ներկայացուցիչներ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացման խոսքում կարևորել է միջազգային մակարդակով հանրության անվտանգությանն ուղղված ջանքերն ու համագործակցությունը:
Ինտերպոլի Գլխավոր ասամբլայի 90-րդ նստաշրջանի աշխատանքներին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ներկայացված էր ի դեմս ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանի: Վեհաժողովի շրջանակում նա հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի, կազմակերպության այլ ներկայացուցիչների, մի շարք անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց հետ քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Վեհաժողովի ավարտին ընդունվել են մի շարք հիմնարար որոշումներ: 2023թ. Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 91-րդ նստաշրջանը նախատեսվում է անցկացնել Վիեննայում՝ ի նշանավորումն Ինտերպոլի կազմավորման 100-ամյակի։