ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել ոչ միայն գյուղաբնակ, այլ նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերին:
Ըստ այդմ, 2023 թվականին հունվարի 1-ից և դրանից հետո ծնված երեխաների ծնողներին նշանակվելու է խնամքի նպաստ՝ անկախ բնակության վայրի հասցեից:
Ըստ նախագծի, վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023 թվականին հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում՝ նաև, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը:
Խնամքի նպաստի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին Նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափի նկատմամբ տոկոսային կապով, իսկ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը չգերազանցող չափով: Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստ կվճարվի խնամքի արձակուրդում գտնվող և չգտնվող ծնողների համար սահմանված չափերի հանրագումարի չափով: