Դա անհեթեթություն է, նման բան չկա: Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսպես արձագանքեց լրագրողների այն դիտարկումներին, թե Սփյուռքում իր և նաև իշխանության տարբեր ներկայացուցիչների նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունք կա:
«Դաշնակցական երիտասարդների խումբն է, նրանք Սփյուռքի 0,0001 տոկոսն են: Մնացածը ջերմ են ընդունում: ԱՄՆ-ում 39 հանդիպում եմ ունեցել: Դաշնակցության անօրինական, այդ ոչ լոգիտիմ թևն է կարողացել մոբիլիզացնել մոտ 40 երեխաների ու մոտ 45 րոպե խանգարել 39 հանդիպումներից մեկը»,-ասաց Սինանյանը:
Հարցին ՝ մտավախություն կա՞, որ Համաշխարհային հայկական համաժողովը մասնակցիների ոչ համակողմանի մասնակցության պատճառով կտապալվի, Սինանյանը պատասխանեց. «Ամենևին ոչ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել էր, որ ՀՅԴ-ն, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը տարբեր պատճառաբանություններով չեն մասնակցի Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովին: