ՀՅԴ-ն կամ ուղեկից որևէ համահայկական կառույց որևէ հրավեր չի ստացել: Զարեհ Սինանյանը ճիշտ չի ասում, եթե չասեմ՝ ստում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՅԴ-ն, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը տարբեր պատճառաբանություններով չեն մասնակցի Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովին:
«Հայրենիք-Սփյուռք համաժողովը կազմակերպվել է անհատական հրավերներով, Զարեհ Սինանյանը ճիշտ չի ասում: ՀՅԴ-ն որևէ պաշտոնական հրավեր չի ստացել: Եթե իրենց թվում է, որ անհատ դաշնակցականների կարող են հրավերներ ուղարկել ու դա ձևակերպել որպես ՀՅԴ-ին ուղղված հրավեր, չարաչար սխալվում են: Ով ով, բայց Զարեհ Սինանյանը շատ լավ գիտի ՀՅԴ-ի կազմակերպվածությունը»,- ասաց Գ. Մանուկյանը՝ վերոնշյալը պառակտումը խորացնելու քաղաքականություն համարելով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել էր, որ ՀՅԴ-ն, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը տարբեր պատճառաբանություններով չեն մասնակցի Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովին: