«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ վարաչապետ Փաշինյանի 2017 թվականին տված մետրոյի կայան կառուցելու խոստումը չի կատարվել. նա խաբել է:
Օրաթերթը մի քանի տարի հետ է գնացել ու վերհիշել՝ ինչպես էր 2017-ին այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր, Երեւանի ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինիքի քաղաքապետի թեկնածու Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթեր մտնում մետրոպոլիտենի «Աջափնյակ» կիսակառույց կայարանի մոտից ու հայտարարում. «Եթե ձեր քվեն տաք «Ելք» դաշինքին, ապա մենք խոստանում ենք, որ մինչեւ 2022 թվականը Երեւան քաղաքում մետրոյի առնվազն մեկ կայարան կավելանա։ Ինչպես հասկանում ենք, ամենաիրատեսականն այս պահին «Աջափնյակ» կայարանն է»։
«Ավելի քան 5 տարի անց ոչ միայն քաղաքային, այլ նաեւ ամբողջ երկրի իշխանությունն է իր ու իր քաղաքական թիմի ձեռքում, սակայն երեւանյան մետրոպոլիտենում որեւէ նոր կայարան չի բացվել։ Փաշինյանը նորի՛ց է խաբել»,- գրում է պարբերականը։
Կառավարության երեկվա՝ հոկտեմբերի 27-ի նիստի ժամանակ հայտնեց, թե գործադիրը մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանը կառուցելու գործընթացի համար մրցույթ է հայտարարել։ «Նախագծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, առաջին փուլն ավարտում ենք ու, ըստ նախատեսվածի, 2023 թվականի վերջում կունենանք պատրաստի նախագիծ եւ հնարավորություն կունենանք շինարարության մրցույթ հայտարարելու»,- ասաց Փաշինյանն ու վստահեցրեց՝ արդեն 2024-ին հնարավոր կլինի սկսել մետրոյի նոր կայարանի շինարարական աշխատանքները։
Փաշինյանի իշխանությունը, որ պատեհ ու անպատեհ առիթներով հաճախ է մետրոյի նոր կայարան կառուցելու մասին խոսում, այդպես էլ ժամկետ չի հայտնում, թե նոր կայարանն ի վերջո երբ պատրաստ կլինի, գրում է թերթը: