Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների պատվիրակությունը «Զինվորի տան» հյուրն էր: Պարբերաբար սրբում էին աչքերը ու արցունքների տակից ժպտում: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Եթե պատերազմական այդքան տեսարաններից հետո դուք կարողանում եք նման աշխատանք կատարել, սա կամք չէ, սա կամքից վեր մի բան է, ես չգիտեմ սա ինչպես կոչել։ Մենք կարծում էինք, թե Հայաստանը, հայ զինվորը միշտ էլ աջակցության կարիք ունեն, բայց այցելելով «Զինվորի տուն», տեսնելով այս ամենը, տեսնելով, թե ինչ ծառայություններ են մատուցվում տղաներին, ինչպիսի սոցիալական, հոգեբանական ու առողջապահական աջակցություն է ցուցաբերվում նրանց, սկսում ենք մտածել, որ աջակցության կարիք դուք առհասարակ չունեք»,- նշել են ֆրանսիացի պատգամավորները:
Արմեն Մուրադյանի խոսքով՝ սա «Զինվորի տան» կատարած աշխատանքի լավագույն գնահատականներից մեկն է: Նշանակում է՝ արդյունքը տեսանելի է։
«Բայց իրականությունը նաև այն է, որ «Զինվորի տունը» միշտ ունի աջակցության կարիք, քանի որ այն ամենը, ինչով տղաները կարողանում են կյանք վերադառնալ, մենք իրականացնում ենք մեր հավատարիմ ու նվիրված բարեկամների և հովանավորների շնորհիվ»,- գրել է նա։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ կայքը հայտնել էր, որ պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գիյոմ Գասպարյանը, Անն-Լորանս Պետելը, Լյուկ Լամիրոն, Մոհամեդ Լաքիլան և Սառա Թանզիլին հոկտեմբերի 28-ին այցելել են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն: