«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերությունը կրկին միավորել են ջանքերը՝ թողարկելու 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեին նվիրված փոստային նամականիշ: Այս մասին Armenia Today-ին հայտնում են IDeA հիմնադրամից։
«Մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության և զարգացման» կազմակերպության և Կոնգոյացի կանանց հիմնադրամի համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեն մղել է համառ պայքար և խիզախորեն բարձրաձայնել Կոնգոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սարսափելի սեռական բռնության ենթարկված հազարավոր կանանց հուսահատ վիճակի մասին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
«Ես խորապես երախտապարտ եմ «Ավրորային» և «ՀայՓոստին» այս պատվի և ճանաչման համար: Հուզիչ է տեսնել իմ պատկերով նամականիշը, քանի որ հասկանում եմ, որ այն թույլ կտա, որ աշխարհում ավելի շատ մարդիկ իմանան իմ պայքարի մասին: «Ավրորան» աջակցում և խաղաղության ու համերաշխության ուղերձ է հղում մերօրյա հերոսներին, որոնք աշխարհի տարբեր անկյուններում վտանգում են ամեն ինչ՝ օգնության ձեռք մեկնելու ուրիշներին: Այն օգնում է բարձրացնելու վայրագություններին զոհ գնացածների լռեցված ձայնը: Ինձ համար պատիվ է լինել այս նախաձեռնության համայնքի մի մասը»,- ասել է 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն:
2017 թվականից սկսած ամեն տարի «Ավրորան» թողարկում է մրցանակի դափնեկիրներին նվիրված նամականիշ: Նոր նամականիշի հեղինակն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության արտ-տնօրեն Ալլա Մինգալյովան է: Նամականիշն ունի նաև դրամահավաք գործառույթ: 350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշին կցված է 150 ՀՀ դրամ արժեքով նվիրատվության կտրոն, իսկ գոյացած հասույթը «ՀայՓոստը» կուղղի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը:
«Սա վեցերորդ նամականիշն է, որ թողարկում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ: «ՀայՓոստը» բարձր է գնահատում այս համագործակցությունը և հնարավորությունը՝ աջակցելու մերօրյա հերոսներին, որոնք փրկում և հույս են տալիս այլոց: Ազդեցությունը, որ Ջուլիեն Լուսենգեն ունեցել է Կոնգոյի կանանց փրկության հարցում, չափազանց տպավորիչ է: Մենք հիացած ենք նրա աշխատանքով: Մեզ համար պատիվ է նրան աջակցելը՝ միաժամանակ շարունակելով աշխարհին պատմել «Ավրորայի» առաքելության մասին»,- ասել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը:
Որպես 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջուլիեն Լուսենգեն ստացել է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգև և հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքավորներին: Հաշվի առնելով 2020 թ. պատերազմից տուժած արցախցիների խիստ կարիքները՝ նա մրցանակի միջոցներից 250.000 ԱՄՆ դոլար ուղղել է 13 նախագծի, որոնք օգնում են մեղմելու տեղի բնակչության ծանր վիճակը: «Ավրորայի» համահիմնադիրները կրկնապատկել են այդ նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500.000 ԱՄՆ դոլարի:
Բացի դրանից, Ջուլիեն Լուսենգեն նվիրաբերել է ֆինանսական միջոցներ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող երեք կազմակերպության, որոնք աջակցում են համայնքներում գործող և կանանց կողմից ղեկավարվող կազմակերպությունների, զորացնում գենդերային բռնության զոհերին և օգնում ներքին տեղահանված անձանց վերաինտեգրմանը․
- «Մայրերի ընկերակցություն հանուն զարգացման և խաղաղության» կազմակերպությունն Իտուրի նահանգում ուղղակի օգնություն կտրամադրի ավելի քան 2.560 մարդու, հիմնականում՝ կանանց և աղջիկների` տեղի բնակչությանը տալով սննդի, պատշաճ բուժծառայությունների, իրավաբանական աջակցության և կրթության հնարավորություն:
- Կոնգոյացի կանանց հիմնադրամի շնորհիվ շուրջ 12.000 այրի, որբ և ներքին տեղահանված անձ Բենի քաղաքում և տարածքում կունենան խմելու ջրի անվճար հասանելիություն:
- Կոնգոյի համերաշխության լիգան Հյուսիսային Կիվուում և Իտուրի նահանգում կաջակցի գենդերային բռնությունից և հակամարտությունից տուժած 1.584 մարդու, որոնք ուղղակիորեն կօգտվեն իրենց զարգացմանն ուղղված ծրագրերից:
Մեկնարկից ի վեր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օգնել է ավելի քան 2.700.000 մարդու ամբողջ աշխարհում: Ավելի լավ ապագա կերտելու «Ավրորայի» տեսլականին և աշխարհը բարեփոխելու մեր ջանքերին միանալու համար խնդրում ենք աջակցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը` կատարելով նվիրատվություն:
«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:
«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի համաշխարհային շարժման և «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի փրկողների շրջանակը, և ամենակարևորը՝ կմեծանա փրկվածների թիվը:
Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են և հույս պարգևում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:
Այս հանձնառության նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությանը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ և 100 LIVES նախաձեռնություն:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ և գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր և 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը և համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (ԱՄՆ), Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Շվեյցարիա) և «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Հայաստան):