ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ հանդիպմանը մտահոգիչ է համարել Լեհաստանի օդանավակայաններում ՀՀ քաղաքացիների համար տարանցիկ վիզայի պահանջը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ կայքը։
Ալեն Սիմոնյանը նշել է, որ 2022թ. օգոստոսի 1-ից ՀՀ քաղաքացիների համար ուժի մեջ մտած՝ Լեհաստանի օդանավակայաններում տարանցիկ վիզայի պահանջը հակասում է վիզաների ազատականացման գաղափարին՝ լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելով ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման համար: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ այդ որոշումը կվերանայվի:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Լեհաստանի հայ համայնքի պաշտոնական կազմավորման 655-ամյակը՝ հավելելով, որ Հայաստանը բարձր է գնահատում և երախտապարտ է այն ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար, որ հայ ժողովուրդը զգացել է Լեհաստանում:
Հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-լեհական միջպետական հարաբերություններում միջխորհրդարանական ակտիվության կարևորությունը՝ համաձայնելով օրակարգային հարցերի հարստացման անհրաժեշտության հարցում:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հրահրված լայնամասշտաբ ագրեսիային եւ դրա հետևանքներին: Այս համատեքստում առանձնացվել է Եվրամիության՝ 40 քաղաքացիական դիտորդներ Հայաստանի սահմաններ ուղարկելու վերաբերյալ որոշումը: