Հայաստանում անցկացված Համաշխարհային հայկական համաժողովի նպատակը ոչ միայն Հայաստանին, այլև Սփյուռքին շահաբեր վիճակում հասցնելն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նրա խոսքով՝ համաժողովը երկխոսության հնարավորություն է տալիս:
«Այն նաև հնարավորություն է տալիս հայաստանյան իրականությունը ներկայացնել Սփյուռքին, որը փոքր-ինչ թյուր պատկերացում ունի մեր մարտահրավերների մասին: Համաժողովն ընդհանուր լուծումների մշակման սկիզբ է նաև»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, թե սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել, Սինանյանը նշեց, որ հոսքն իսկապես շատ մեծ է:
«Շատ ավելի մեծ է, քան 2019-ին: Մեծ քանակությամբ ընկերություններ Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն ունեն: Դրսից եկող ներդրումների մեծ մասն իրականում սփյուռքյան ներդրումներ են»,- նշեց նա: