2022 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայի համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում ադրբեջանցի ռեժիսոր Արզու Ալիևայի կողմից նկարահանված «Շուշա, դու ազատ ես» ֆիլմի ցուցադրությունը սադրանք է: Այս մասին ասված է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հայտարարության մեջ:
«Սա ադրբեջանական քարոզչության հերթական հայատյաց արտադրանքն է, որը ոչ միայն վիրավորում է ՌԴ տարածքում բնակվող բազմաթիվ հայ համայնքի, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում նրանց հայրենակիցների զգացմունքները, այլև ակնհայտ ձեռնարկ է ադրբեջանցի երիտասարդների ամար, որոնց շրջանում շարունակում է աճել հայատյացությունը»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Դեսպանությունը խորը հիասթափություն է հայտնել ֆիլմի ցուցադրման կապակցությամբ:
Ընդգծվում է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը միջազգային հանրության աչքում փորձում է արդարացնել 2020 թվականի պատերազմի և 2021-2022 թվականների հետագա իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակիչների դեմ ուղղված ծանրագույն պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվող վանդալիզմի գործողությունները:
Դեսպանատանը նշել են, որ ադրբեջանական կողմը միտումնավոր ընտրել է Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի տարածքում գտնվող իր տաղավարի հարթակը, որպեսզի վարկաբեկի ոչ միայն բոլորի սիրելի ցուցահանդեսային կենտրոնը, որը խորհրդանշում է ժողովուրդների միջև բարեկամությունն ու համագործակցությունը, այլև այն երկիրը, որի ջանքերի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են ընտրել խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների ուղին:
Արզու Ալիևան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրն է: