Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում նոյեմբերի 9-ին սպանված 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի 12-ամյա դստեր նկատմամբ ոճրագործները սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարել նախկան սպանելը: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ երեխաների մոր՝ Զարինե Մելիքսեթյանի նկատմամբ նման գործողություններ չեն կատարվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։
Պեմզաշեն գյուղի բնակչուհու և նրա երկու երեխաների սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Շիրակի մարզի՝ 32-ամյա բնակիչ: Ձերբակալվածը խոստովանել է իր մեղքը։ Բացի այդ, ոստիկանությունը ներկայումս համապատասխան որոնողական աշխատանքներ է տանում ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար: