Շատ կարևոր համաձայնագիր ենք վավերացնում: Անդրադառնալով «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկմանը՝ այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2022թ. ապրիլի 19-ին ք.Մոսկվայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Փաշինյանի կողմից:
Համաձայնագրով նախատեսվում է նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության միասնական համակարգի ներդրում: Համաձայնագրի ստորագրման նպատակն է անդամ պետությունների տարածքով փոխադրումներ իրականացնելիս ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների կիրառության ընդլայնման միջոցով Միության ներքին շուկայում ապրանքների շրջանառության օրինականության ապահովումը, ինչը կնպաստի տնտեսական ինտեգրման հետագա զարգացմանը:
Սահմանվում են Միության երկու եւ ավելի անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության ապահովման հիմքերը եւ կարգավորվում են նավիգացիոն կապարակնիքների կիրառման մեխանիզմները: Մասնավորապես սահմանվում են հետագծելիության օբյեկտները, վերջիններիս փոխադրման համար նախատեսված տրանսպորտային տեսակները, փոխադրումների հսկողության, ինչպես նաեւ համապատասխան մարմնի կողմից այդպիսի հսկողության արդյունքի օգտագործման պայմանները, ազգային օպերատորների միջեւ տեղեկատվության փոխանակման կարգը եւ այլն:
Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ:
Պատգամավորը նշեց, որ դրական եզրակացություն են տվել վերոնշյալ համաձայնագրին ու վստահ են, որ ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ-ում գործունեություն ծավալող բեռնափոխադրման ընկերությունների բեռը կմեղմվի:
«Լարսի անցակետում ՀՀ-ի համար դժվարությունները դեռևս ամբողջությամբ լուծված չեն: Այս առումով մենք տարիներ շարունակ խնդիրներ ենք ունեցել, սակայն վերջին տարվա ընթացքում աշխարհաքաղաքական իրողությունների և այլ հանգամանքների հետ կապված ՀՀ-ից Լարսի տարածքով գնացող և եկող բեռնատար մեքենաների համար շատ լուրջ խնդիրներ են առաջանում: Այդ հանգամանքը մշտապես բացասական իմաստով իր ազդեցությունն է ունենում մեր տնտեսության վրա, ու այդ խնդրին առնչվում են բոլոր այն կազմակեպությունները, որոնք բեռնափոխադրման ծառայություն են մատուցում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: