Չենք կարող ասել, որ ավտոբուսների ռեֆորմն ավարտին է հասցված: Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ինչո՞ւ չի լուծվել տրանսպորտային խնդիրը նոր ավտոբուսների գալով, քանի որ ավտոբուսների՝ այդ չափաքանակի գալով չէր կարող լուծվել խնդիրը։ Փուլային ռեֆորմով մենք ունենք մի փոքր քանակ ավտոբուսներ, որոնք շահագործվում են, բոլոր նախկին գազելներն արդեն շարքից դուրս են եկել։ Հիմա, այո՛, մեր տրանսպորտային վիճակը լավ չի»,- ասաց Ավինյանը և հավելեց, որ մինչև տարվա վերջ կամ հունվարին սպասվում են 150 նոր ավտոբուսներ, իսկ հաջորդ տարի 80 հատ 12-մետրանոց ավտոբուսներ են սպասում։ Սակայն նույնիսկ դրանց գալով չի կարելի ասել, թե տրանսպորտային ռեֆորմն ավարտին է հասցված։
Ավինյանը մանրամասնեց, որ դեռ սպասվում է տոմսային միասնական համակարգի ներդրում, որը կմիացվի մետրոպոլիտենին։ Նաև պարզաբանեց, որ 82 ավտոբուսներն իրականացրել է ՎԶԵԲ-ը, իսկ 150 ավտոբուսի ներմուծումն իրականացրել է Երևանի քաղաքապետարանը։