Երևանի ավագանին այսօր կայացած նիստում սահմանել է տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջներն ու պայմանները: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Նախագիծը ներկայացնող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ սահմանված պահանջների համաձայն՝ Երևանում առկա է երկու վայր, որտեղ կարող է հրավառություն իրականացվել՝ Հանրապետության հրապարակն ու Ազատության հրապարակը: Հրավառությունն այդ վայրերում թույլատրվելու է միայն տոն օրերին՝ տեղական և պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ:
Նշվում է, որ մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումն այսուհետ կարգելվի Երևանում: Փոխքաղաքապետ Ավինյանը նաև հավելել է, որ, հաշվի առնելով հանգամանքը, որ կարող են լինել նաև առանձին, բացառիկ միջոցառումներ, նման դեպքերի համար հրավառություն կարող է իրականացվել քաղաքապետի թույլտվությամբ: Երևանի ավագանին միաձայն կողմ է քվեարկել նախագծին:
Տիգրան Ավինյանի խոսքով կա նաև օրենսդրական փաթեթ, որն այսօր դրվել է շրջանառության մեջ: Ըստ այդ նախագծի՝ նախատեսվելու է հրավառ նյութերի ներմուծման արգելք՝ բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների: