Ոստիկանությունը կենսաչափական, նաև «կապույտ» անձնագրերի տրամադրման փոփոխություններ է առաջարկում: Այսօր ԱԺ նիստում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտնեց, որ «Նույնականացման քարտերի մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիներն իրենց իրավունքներն իրացնելու նպատակով հնարավորություն կունենան ստանալ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը:
Նախագիծը ներկայացվեց ԱԺ առաջին ընթերցման։ Ըստ նախագծի՝ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է մինչև 2023 թվականի դեկտեմեբրի 31-ը՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու համար:
«Բացի այդ, ժամանակավորապես, մինչև 2024թ. հունվարի 1-ը, կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը:
Նրա խոսքով՝ օրինագծերի նպատակը քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ու էլեկտրոնային նույնականացման, ինչպես նաև ստորագրության հնարավորության ստեղծումն է և, աստիճանաբար, ըստ ժամկետի ավարտի, հին անձնագրերի և էլեկտրոնային քարտերի նորերով փոխարինումը:
Մանրամասները՝ տեսանյութում: