Լույս աշխարհ է եկել պատերազմում զոհված Տարոն Գիվարգիզյանի քույրը՝ Լուսեն։ Լուսեն որդեկորույս ընտանիքի վերածնված լույսն ու հույսն է։
Տարոնի մայրը՝ տիկին Լաուրան, անկեղծանալով ասում է, որ նորից երեխա ունենալու որոշումը դժվար էր, բայց բժիշկների ջանքերը, իր ջանքերն ու համարձակությունը, ի վերջո, սպասված արդյունք տվեցին։ Լուսեն նոր կյանք ու նոր սկիզբ է, որը պարտավորեցնում է առաջ նայել, ուժեղ լինել։
«Եթե անգամ ես ունենայի տղա, իր անունը Տարոն չէր լինելու, որովհետև Տարոնս միակն է։ Ծնված երեխան իր կյանքով պետք է ապրի։ Բոլորի կյանքում պետք է այդ լույսը լինի»-ասում է տիկին Լաուրան։
44-օրյա պատերազմի սկսվելուց ի վեր Տարոնը որքան հնարավոր է շուտ առաջնագծում լինելու ցանկություն է հայտնել։
«Գնաց պատարագի, հետո զինկոմիսարիատ։ Զինկոմիսարիատը մերժում է, ջոկատ են կազմում»,-ասում է մայրը՝ նշելով, որ Տարոնն իրենցից թաքուն է առաջնագիծ գնացել՝ ասելով, թե, իբր, զինվորների համար սնունդ են փաթեթավորում։
Տարոնը զինծառայության ենթակա չի եղել։ Նա Արցախ տեղափոխող ավտոբուսի մեջ է թաքնվել ու մեկնել ռազմաճակատ՝ իր կյանքը նվիրելով հայրենիքին։
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում։