Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մեղադրել է մեծահասակներին՝ երեխաներին, իր բնորոշմամբ, լացացնող տեքստեր սովորեցնելու, ակցիաներում երեխաներին ներգարվելու մեջ: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«2020 թվականի դեկտեմբերի 25-ին հայկական լրատվամիջոցները ողողված էին հետեւյալ վերնագրով նյութերով. «Սկանդալ Ստեփանակերտում. արցախցիների պահանջով ապամոնտաժվում են Աննա Հակոբյանի հիմնադրամի տեղադրած վրանները եւ տոնածառը»:Եվ իսկապես, տոնածառն ու երեխաների համար նախատեսված միջոցառման տաղավարները ապամոնտաժեցին, միջոցառումը չեղարկվեց: Պատերազմի ամբողջ դաժանությունը իրենց փոքրիկ հոգիներում մի կերպ քարշ տվող երեխաներին թույլ չտվեցին երեք օր ցրվել, կտրվել ծանր իրականությունից: Մեծերը, հասկանում եք, սիրտ չունեին: Մինչդեռ նրանցից դա չէր էլ պահանջվում: Միջոցառումը մեծերի համար չէր, նրանք չպետք է գնային պլաստիլինով տնակներ պատրաստելու, կամ քիմիական փորձեր անելու, կամ հեքիաթ պատմելու: Նրանցից պահանջվում էր իրենց երեխաներին տանել, թողնել այդ տաղավարներում, որտեղ խաղավարներ կային, ու մի քանի ժամ կզբաղեցնեին երեխաներին: Հատուկ ընդգծեմ, որ համերգ, երգ-պար նախատեսված չէր եւ դա դժվար չէր ճշտել»,-գրել է նա՝ որակելով սա որպես էգոիստական պահվածք:
«Հիմա էլ, այդ նույն մեծահասակները այդ նույն երեխաների ձեռքները սրտաճմլիկ գրառումներ են տալիս, կանգնեցնում են տոնածառների առաջ ու լուսանկարում: Լացացնող տեքստեր են սովորեցնում ու տեսանկահարանում, նրանց մասնակցությամբ տարբեր ակցիաներ են կազմակերպում եւ այդ ամենը տարածում են աշխարհով մեկ, որպեսզի խղճահարություն հարուցեն, վրաններ ապամոնտաժվեն:
3, 4, 5 տարեկան բալիկներին հայրիկներն ու մայրիկները ստիպում են պարզել հետեւյալ բնույթի տեքստեր. «Բացեք կյանքի ճանապարհը, ես ապրել եմ ուզում», «Կարոտում եմ իմ անհոգ Արցախը», «Մենք այստեղ ենք ուզում միայն ապրել», «Արցախը կա ու միշտ կլինի», Արցախը իմ հոգին ու սիրտն է», «Օզում ում ճանապարհը բացվի, մամաս պապաս կյան կոխկս», «Ես Ձմեռ պապիկից ոչինչ չեմ ուզում, միայն խաղաղություն», «Արցախում կամքի ուժ կա» եւ այլն: Մի օր, ի վերջո, պետք է դադարել թաքնվել երեխաների ու 18-20 տարեկան զինվորների թիկունքում։ Եւ որքան շուտ գա այդ օրը, այնքան շուտ կավարտվեն մեր ողբերգությունները»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։