Armenia Today-ի խմբագրակազմն Ամանորի կապակցությամբ շնորհավորում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների մեր բոլոր հայրենակիցներին:
Պատմության գիրկն անցավ 2022 թվականը, որը նույնքան բարդ էր մեր երկրի ու ժողովրդի համար, որքան վերջին տարիները: Փորձություններով, անորոշություններով, հիասթափություններով և կորուստներով լի էր 2022-ը, բայց ապագայի հանդեպ հույսն ու հավատը չմարեց, դժվարությունները չկոտրեցին մեզ:
Հայ ժողովրդի տոկունությունը, հավատը, համախմբվելու կարողությունն ամենակրիտիկական պահերին օգնել են մեզ դիմագրավել անհաղթահարելի թվացող մարտահրավերները: Հարուստ ու բազմադարյա պատմության մեջ մեկ անգամ չէ, որ մեր ժողովրդին բնորոշ այս գծերը փրկել են երկիրն ու ազգին: Վստահ ենք, որ այդպես կլինի նաև այս անգամ։
Հավերժ փա՛ռք հայ ժողովրդի բոլոր այն որդիներին ու դուստրերին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի, հանուն գալիք սերունդների ապագայի:
Armenia Today-ի խմբագրակազմը յուրաքանչյուր հայ ընտանիքի մաղթում է երջանկություն, բարեկեցություն, բարգավաճում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, մեր սիրելի հայրենակիցներ: