«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքը հատուկ մրցանակի է արժանացել գանգի դեֆեկտի պլաստիկա՝ տիտանե կոնստրուկցիայով️ աննախադեպ վիրահատության համար։ Այս մասին հայտնում է ԲԿ մամուլի ծառայությունը։
Հայաստանում առաջին անգամ կիրառվել էր չափերի մեծացման հնարավորութուն ունեցող գլխի տիտանե կոնստրուկցիա։ Մրցանակը հանձնվել է «Armenian tomorrow’s technology» միջոցառման շրջանակներում, որը կազմակերպվել էր Hyebrid Technologies ընկերության կողմից։
«Սա նոր հաղթանակ է հայաստանյան բժշկության մեջ, նոր ձեռքբերում ու թիմային հրաշալի աշխատանքի արդյունք: Ոգեշնչողը ոչ միայն մրցանակն է ու գովեստի խոսքերը, այլև 8-ամյա աղջնակի կյանքը, որը շարունակվում է»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ ՃՏՊ-ից հետո ծայրահեղ ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 8-ամյա աղջնակի մոտ առկա էր գանգուղեղային բաց վնասվածք, գլխուղեղի ծանր սալջարդ, կոնտուզիոն հեմոռագիկ օջախներ, աջ քունքոսկրերի բեկորային կոտրվածքներ, թոքերի սալջարդ ու այլ ուղեցող վնասվածքներ:
Գանգուղեղային վնասվածքը բուժվել էր վիրահատական եղանակով, երեխան դուրս էր գրվել մոտ 40 օր անց` գանգի ընդարձակ դեֆեկտով։ Աղջկա ընդհանուր վիճակի բարելավումից հետո, տրավմայից մոտ 8 ամիս անց, գանգի դեֆեկտը փակելու նպատակով Հայաստանում առաջին անգամ կիրառվել էր չափերի մեծացման հնարավորություն ունեցող տիտանե կոնստրուկցիա։
Կոնստրուկցիան բազմակոմպոնենտ է, ունի կենտրոնախույս տեղաշարժի հնարավորություն` ըստ մանկական գանգի հետագա աճի ուղղությունների: Ապահովում է ուղեղանյութի պաշտպանությունն արտաքին վնասվածքներից, վերականգնում է գանգի նորմալ կոնտուրները և մյուս կողմից չի խոչընդոտում դեֆեկտի տեղամասում գանգի հետագա աճին: