Բնության վերահսկողությունն այսուհետ իրականացվելու է գերժամանակակից ԱԹՍ-ով։ Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Նշվում է, որ ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հյուրընկալել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերին և ԿԲՀ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորելով երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցությունը՝ քննարկել են բնապահպանական խնդիրներն ու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված վերահսկողությունն առավել թիրախային դարձնելուն միտված ծրագրերը։
Կովկասի բնության հիմնադրամը Տեսչական մարմնին է նվիրաբերել DJITB30 տեսակի անօդաչու թռչող սարք և այն սպասարկող անհրաժեշտ տեխնիկական միջոցներ։
ԲԸՏՄ ղեկավարը շնորհակալության իր խոսքում նշել է, որ ԱԹՍ-ն որպես ստուգաչափված գործիք կօգտագործվի վերահսկողության ընթացքում, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ստուգումները, մասնավորապես ընդերքի և անտառների պահպանության ոլորտներում։