Նրա խոսքով՝ անվտանգության ոլորտի խնդիրները դեռ երկար ժամանակ են լինելու, իսկ դա նշանակում է, որ պետք է ավելի շատ աշխատել,պատրաստ լինել ցանկացած սցենարի։ Քանի որ անգամ պատերազմի և անվտանգության ոլորտի խնդիրների առկայության պայմաններում կյանքը պետք է շարունակվի։
Ավինյանի խոսքով՝ այս մեկ տարում իրականացվել է ապաստարանների մաքրման մեծածավալ աշխատանք, սակայն խնդիրը լիովին լուծված չէ։
Շարունակելով Երևանում իրականացրած բարեկարգման աշխատանքների թեման՝ Ավինյանը տեղեկացրեց, որ վերանորոգվում է երկու պոլիկլինիկա և 22 մանկապարտեզ։ Նրա խոսքով, տարվա ընթացքում ևս երկու մանկապարտեզներում ավարտվել են վերանորոգման աշխատանքները, իսկ մեկ մանկապարտեզ շինարարական մրցույթի փուլում է։
Փոխվարչապետի խոսքով՝ մանկապարտեզներում և պոլիկլինիկաներում վերանորոգման և շինարարական աշխատանքներն իրականացվում են երկու տարբեր ծրագրերով։
«Ծրագրերի հաջող ընթացքը մեզ նաև թույլ տվեց մեր գործընկեր կազմակերպությունների հետ սկսել ծրագրի հաջորդ փուլի աշխատանքները, որոնք նախատեսում են 34 մանկապարտեզների և վեց պոլիկլինիկայի հիմնանորոգում և վերանորոգում, ևս 35 մանկապարտեզներ, որտեղ հիմնանորոգված են»,- ընդգծեց փոխքաղաքապետը։
Ավինյանը ներկայացրեց նաև ճանապարհների և ստորգետնյա անցումների վերանորոգման աշխատանքները։ «Լամբադա հանգույցի ստորգետնյա անցման հիմնանորոգումն արդեն ավարտվել է։ Փակ շուկայի տարածքում գետնանցումի վերանորոգման աշխատանքները շարունակվում են, 2023 թվականին նախատեսվում է սկսել Մաշտոց-Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկի գետնանցումի վերանորոգումը»,- ասաց փոխքաղաքապետը։
Նա հայտնեց, որ այս եռամսյակում շահագործման է հանձնվել Խաչատուրյան-Մամիկոնյանց փողոցները միացնող հատվածը, որը էական ազդեցություն ունի Կոմիտասի պողոտայի երթեւեկությունը հեշտացնելու վրա։
Ավինյանի խոսքով, Երևանի ճանապարհների վերանորոգման նպատակով առաջին անգամ մշակվել է համալիր նախագիծ, որն ընդգրկում է 12 վարչական շրջան և մոտ 200 կմ ճանապարհ։
Ավինյանը տեղեկացրեց նաև, որ 2023 թվականին նախատեսվում է սկսել դեպի մանկական երկաթուղի տանող երկու թունելների հիմնանորոգումը։ Բարեկարգման աշխատանքներ են իրականացվում Երևանի այգիներում։
Մանրամասները՝ տեսանյութերում։