2022 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական՝ 2022 թվականի վերջին նիստը, որին բացի հանձնաժողովի անդամներից ներկա էր նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչ Նիկոլ Նասեն, հայտնում են ԱԱԾ-ից։
Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ա.Աբազյանի կողմից ներկայացվեց անհայտ կորած, գերեվարված անձանց ծնողներից ու հարազատներից ստացված դիմումների ուսումնասիրման ընթացքը, առանձնացվեցին այն խնդիրները, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:
Նիստի ընթացքում քննարկվեցին անհայտ կորած, գերեվարված անձանց ընտանիքների սոցիալական կարիքներին վերաբերող հարցերը, ԴՆԹ տվյալներով անձանց նույնականացման, անձանց անհետացման հանգամանքների քննությանը վերաբերվող խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակները:
Միաժամանակ հանձնաժողովի նախագահ Ա.Աբազյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 30-ին հանդիպելու է հանձնաժողովին դիմումներ ներկայացրած անհայտ կորած, գերեվարված անձանց ընտանիքի անդամների հետ:
Նիստն ավարտվեց հանձնաժողովի անդամներին տրված հստակ հանձնարարականներով՝ հանձնաժողովի հաջորդ նիստին դրանց կատարման արդյունքներն ամփոփելու պայմանով: