Ոստիկանությունն այսօր բերման ենթարկեց Գյումրիում ակցիա իրականացնող Ազգային-ժողովրդավարական բևեռի ակցիայի մի շարք ներկայացուցիչների: Armenia Today-ին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ բերման է ենթարկվել 65 անձ:
Ազգային-ժողովրդավարական բևեռն այսօր Գյումրիում հակառուսական ակցիա ու հավաք է կազմակերպել: «Շրջափակում՝ հանուն շրջափակման» լոզունգով նրանք ռուսական 102-րդ ռազմաբազան շրջափակելու կոչեր էին հնչեցրել:
Ոստիկանությունը նախազգուշացրեց հավաքի մասնակիցներին՝ հորդորելով բացել ճանապարհի երթևեկելի հատվածը, ինչից հետո սկսեց բերման ենթարկել հավաքի մասնակիցներին: Այս պահին հավաքի մասնակիցները երթ են կազմակերպել:
Հավելենք, որ ՀՀ ոստիկանությունը շրջափակել է 102-րդ ռազմաբազայի մուտքերը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը: