Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը։
«Այս ամենը տեսնելուց հետո կարող եմ ասել, որ ՄԱԿ-ում և այլ ատյաններում մենք շարունակելու ենք խոսել խաղաղության մասին: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի համերաշխություն լինի ամբողջ աշխարհում»,- ասել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեն:
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: