Եռաբլուրի միջադեպի ուղղությամբ մեկ ամիս է՝ գործողություն տեղի չի ունենում։ Այս մասին ասաց Քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիայի դուրս եկած 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։
Ըստ նրա՝ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանների՝ բռնություն գործադրելու գործով 3 առերեսում է տեղի ունեցել ոստիկանների հետ:
«Այս գործով նախ պետք է պատժվեն կարմիր բերետավորները, դրանից հետո պետք է պատժվի այն մարդը, ով հրաման է տվել, իսկ վերջում էլ պատկերացնում ենք, որ «համար մեկը» պետք է պատժվի։ Մենք համոզված ենք, որ ոստիկաններն ինքնուրույն չեն գործել։ Առերեսման ժամանակ ոստիկանները տարբեր անուններ են տվել, իրենց ոչ մի ասածն իրականությանը չի բռնում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին հավանաբար տվել են գործընթացը դադարեցնելու հրաման։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով հարուցվել էր քրեական գործ: Մինչ օրս քրեական վարույթով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քր.օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։
Մանրամասները՝ տեսանյութում: