«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծեծի է ենթարկվել ՆԳՆ ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնի դասակի հրամանատարը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Աղբյուրը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին։ Ժամը 22։50-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում ջոկի հրամանատար Արտյոմ Հովհաննիսյանը և Ռոման Գևորգյանը ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ 2 հոգի իրար հետ վիճաբանում են։
Ոստիկանները մոտեցել են վիճաբանող քաղաքացիներին և փորձել պարզել, թե ինչու են վիճաբանում և պահանջել են դադարեցնել վիճաբանությունը։ Սակայն նրանցից մեկը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ է հնչեցրել Գևորգյանի հասցեին, քաշել ուսադիրներից, ապա հարվածել ձախ աչքին։ Հարվածի արդյունքում աչքի շրջանում կապտուկ է առաջացել։
Ահազանգով օպերատիվորեն ժամանել են «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի և քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ, ովքեր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով՝ բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Գագիկ Ա․-ին, որն այնուհետև ներկայացվել է քննչական բաժին։ Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը զինծառայող է։