Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հունվարի 22-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։ Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:
Հիշեցնենք, որ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով հունվարի 19-ին մահացել է 15 զինծառայող, 3 զինծառայող գտնվում է հիվանդանոցում:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: