Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր մանրամասներ է հայտնել ողբերգական հրդեհից տուժած երեք զինծառայողների առողջական վիճակի մասին:
«Հրդեհի հետևանքով տուժած 3 զինծառայողներից մեկի առողջական վիճակը երկու օր առաջ ծանր էր, բայց հրավիրված կոնսուլիումի և բուժման մեջ փոփոփոխություններ մտցնելու արդյունքում նրա վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Այս պահին կյանքին վտանգ չի սպասվում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ բոլոր գերատեսչությունների հետ ամեն ինչ պետք է անել, որ նման դեպքերը բացառվեն:
«Երկու տարվա ընթացքում աշխատանքներ են արվել, բայց դրանք բավարար չեն, կան վայրեր, որտեղ պայմանները բավարար չեն»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ է մտածում առողջապահությնա նախարարությունը ԶՈւ-ում ոչ բավարար պայմանների առկայության մասին:
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Մանրամասները՝ տեսանյութում: