Այն, ինչի մասին խոսում են ոչ տեղյակ մարդիկ, իրականության հետ կապ չունի: Խոսեցնում են այն մարդկանց, ովքեր տեղում չեն եղել, չեն տեսել, թե ինչ է կատարվում, բայց այդ մասին ինչ-որ վերլուծություն են անում: Կառավարության նիստից հետո, անդրադառնալով 15 զինվորի կյանք խլած ողբերգական հրդեհի շուրջ հակասություններին, այս մասին նշել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Armenia Today-ի հարցին՝ այցելե՞լ է հրդեհված կացարան, նա ասել է, որ դեպքի օրը գիշերը ժամը 3-ից այնտեղ է եղել: Հարցին՝ մինչ այդ եղե՞լ է այնտեղ և մեկ այլ դիտարկմանը՝ ինչպե՞ս է բնակելի տունը վերածվել զինանոցի, նա հստակ պատասխան չտվեց՝ ասելով, որ հարցի հասցեատերն ինքը չէ: Նա նշեց, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել:
Անդրադրադառնալով ԵՄ առաքելության՝ վերջին երկու ամիսներին իրականացրած աշխատանքին, Սարգսյանը նշեց, որ սահմանին այդ առումով դրական տեղաշարժ կա, կրակոցների պասիվություն է նկատվում: Մարզպետը հավելեց, որ ԵՄ նոր առաքելության վերաբերյալ որևիցե բան չի կարող ասել:
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, տուժել 3 զինծառայող:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստանի սահմանամերձ շրջաններ: Ըստ ԵՄ խորհրդի հայտարարության՝ առաքելության առջև խնդիր է դրված նպաստել կայունությանը, տեղերում ամրապնդել վստահությունը և պայմաններ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։
Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար, առաքելության օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ խորհուրդը Հայաստանի կառավարության հետ պայմանավորվել է, որ Վրաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությունից Հայաստան կուղարկվի աջակցության խումբ: Մինչ այդ Հայաստանում հոկտեմբերից աշխատել է մինչև 40 փորձագետներից բաղկացած ԵՄ դիտորդական առաքելությունը։ Առաքելության մանդատն ավարտվել է դեկտեմբերի 19-ին։
Մանրամասները՝ տեսանյութում: