Աթենք-Երևան չվերթի ուղևորը փորձել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխել տասը բնական մորթե մուշտակ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի կայքը։
Ուղևորների մաքսային հսկողության բաժնում նա ընտրել է «Կանաչ ուղի» ընթացակարգը, սակայն մաքսային զննման արդյունքում պարզվել է, որ ուղեբեռում առկա է տարբեր տեսակի և չափի չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ:
Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և նշանակվել է շուրջ 250 հազար ՀՀ դրամի չափով տուգանք` չհաշվարկված մաքսային վճարների ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով:
Բացի այդ, նշված մուշտակները քաղաքացու կողմից «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրվել են, որի արդյունքում էլ վերջինիս կողմից վճարվել են օրենքով սահմանված շուրջ 1,3 միլիոն ՀՀ դրամի չափով մաքսային վճարներ: